«Աչքի տեսածով մի՛ դատեք, այլ ուղի՛ղ դատաստան արեք» (Հովհ.7;24):
Մեկ բառով՝ «նամուս», բառակապակցությամբ` հասարակական կարծիք, մի ամբողջ նախադասությամբ՝ բա մարդիկ ի՞նչ կասեն:
Հակառակ բևեռում են ամբարտավանությունը, «թքած ունեմ»-ը և՝ «թքած ունեմ, թե ով ինչ կասի»-ն:
Հասարակությանը (ո՛չ բարոյազուրկ) ընկալելի բարոյական այս երկու ծայրահեղական մոտեցումների միջև է քրիստոնեական բարոյականությունը, որը չի բխում հասարակական կարծիքից, բայց և առհասարակ չի անտեսում կամ արհամարհում այն: Քրիստոնեությունը փորձում է ինքը ձևավորել, բարձրացնել, զտել և ազնվացնել այդ կարծիքը:
Այդ բարոյականությունը բխում է Աստծուց և վավերական է միայն, երբ իր կատարումը գտնում է Աստվածային պատվիրանների հետևողական իրագործման մեջ:
Նամուսը (չշփոթել ամոթի հետ), ինչը հաճախ կազմում է բարոյականության առանցքը, հասարակական կարծիքով առաջնորդվողների մոտ ենթակա է արտաքին հանգամանքների, ուրիշների կարծիքին, վերաբերմունքին և դիրքորոշմանը: Մարդը, ով կապված է այդպիսի մղումներով, դրդապատճառներով կամ արգելանքներով, շատ դժվար է հանգում սեփական ներաշխարհում կարգուկանոն հաստատելու անհրաժեշտության գաղափարին. այդ կանոններն իր փոխարեն սահմանում են ուրիշները: Այս երևույթը բացասական է, անկախ նրանից, թե կանոնները որքանով են բարի ու բարոյական կամ հակառակը: Այդպիսի մարդիկ, ըստ էության, զուրկ են սեփական կամային որոշումներից, նախաձեռնություններից, նպատակներից, անգամ սեփական սխալներ գործելու մարդկային տկարություն դրսևորելու հնարավորությունից: Սակայն դժբախտությունն այն է, որ, այդ ամենով հանդերձ, նրանք զուրկ չեն իրենց բաժին պատասխանատվությունից, և շատ հաճախ նրանց բարի խորհրդատուներն ու անբեկանելի վճիռներ կայացնող անփոխարինելի հեղինակությունները ամենապատասխանատու պահին կամ չքվում են, կամ չքմեղանում:
Հասարակական կարծիքով առաջնորդվելը սովորություն դարձրած մարդը, հասարակության աչքից հեռու գտնվելիս, սեփական տան չորս պատերի մեջ, սեփական սրտում ու մտքում, ազատություն է տալիս մեկ ուրիշ մարդու, ով հատկապե՛ս ուզում է անել «հասարակության» կողմից անընդունելին ու մերժելին: Եվ, ո՜վ զավեշտ, հենց այդպիսի մարդկանցից էլ կազմված է այն նույն հասարակությունը, «զորավոր համայնքը», որն իր հեղինակավոր կարծիքն է պարտադրում իր դատապարտված բաղկացուցիչներին:
Շատ մարդիկ էլ զսպում են իրենց ներքին մարդուն, ո՛չ որովհետև ենթակա են հասարակությանը, այլ որպեսզի վատ օրինակ ու գայթակղության պատճառ չդառնան: Երկու դեպքում էլ նրանք չեն մտածում իրենց կյանքում որևէ բան փոխելու մասին:
Այլ է քրիստոնեական բարոյականություն կրող մարդը, ով ո՛չ թե զսպում է իր ցանկությունները, այլ ազնվացնում է դրանք` աստիճանաբար ձեռք բերելով զգայունություն սեփական խղճի ձայնի հանդեպ և կատարյալ ողջախոհություն: Այդ կերպ շատ պոռնիկներ համաքրիստոնեական սրբեր են դարձել: Քրիստոնեական բարոյականության կրող լինելու փաստը ապրիորի մարդու անսխալական ու սուրբ լինելու երաշխիքը չէ, բայց սրբանալու նախապայմանն է: Քրիստոնյան ևս սխալվում է ու առավել վատթար կերպով ընկնում, սակայն կարևորը անկման բուն փաստը չէ, այլ` իր անկումը տեսնելն ու գիտակցելը, և ապա` շատ շահագրգիռ արարածներ կան, ովքեր ձեռնածալ չեն նստում և հատուկ ջանք են թափում այդ ուղղությամբ:
Հասարակական կարծիքը ստիպում է զսպել միայն արատավոր արարքները, միայն օտար հայացքի մոնիթորինգի պայմաններում, իսկ մարդու բուն արատավոր էությունը, արատավոր մտքերը, ցանկություններն ու մղումները մնում են միևնույն եգիպտական խավարի, բաբելոնյան խառնակության ու սոդոմգոմորյան կուրության մեջ:
Հասարակական կարծիքի ոսպնյակի տակ են առնվում ո՛չ միայն սխալ կամ մեղսական արարքները, այլև նպատակահարմար և ո՛չ նպատակահարմար արարքները: Դա էլ, իհարկե, որոշում է հասարակությունը: Քրիստոնեական բարոյականության օրինականությունը բխում է Աստծո անուրանալի հեղինակությունից: Հասարակական կարծիքը միշտ հանդիսացել է այդ հեղինակության երրորդային ածանցյալը` Հին ուխտից: Սակայն այն, այդուհանդերձ, մարդկանց բարոյականության երակի մեջ պահելու հասանելի հնարավորություն է: Հասարակությունը պահանջում է քծնանք ու կեղծիք, արտաքին ներկայանալիություն, Աստված ակնկալում է նորովի ծնունդ, ներքին վերափոխում: Հասարակությունը թելադրում է ժպտալ, Աստված հորդորում է ժպտալ անկեղծ, լինել ոչ թե պարզապես առերևույթ ժպտացող շահախնդիր ընկերակից, այլ աննենգ ու նվիրված ընկեր:
Յուրաքանչյուրն ինքն է որոշում` ո՛ր բարոյականությունն է առավել սահմանակցում աստվածային իրականությանը:
Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս